ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Պեկինը հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կընդունի Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի բանաձևի նախագիծը՝ անհապաղ և անվերապահ հրադադարի կոչով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի հարվածների կապակցությամբ՝ Իրանի պահանջով։
«Չինաստանը խստորեն դատապարտում է ամերիկյան հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքի տակ։ ԱՄՆ- ի գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նա:
Ֆու Ցունի խոսքով՝ դա սրել է լարվածությունը Մերձավոր Արևելքում և լուրջ հարված հասցրել միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմին: Նանշելէ, որ Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, մարտական բախումները և լրջորեն մտահոգված է, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից:
Բացի այդ, Չինաստանը կոչ է անում պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և իր մտահոգությունն է հայտնում կրած կորուստների համար: Պեկինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հասնել չի կարող ուժի կիրառմամբ, և որ առայժմ մնում է հակամարտության խաղաղ կարգավորման հույսը: Մշտական ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին օպերատիվ գործողությունների կոչ է արել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։