ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը մեծացնում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման հավանականությունը։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի մակրոտնտեսական հաշվետվության մեջ։
ԵԱԶԲ-ն հիշեցնում է, որ հունիսի 17-ի նիստում Կենտրոնական բանկը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75%–ի մակարդակում՝ նշելով չկարգավորվող ծառայությունների ոլորտում գնաճի սպասումների և փաստացի գնաճի կայունացումը։
Միևնույն ժամանակ, կարգավորիչը նշել է գնաճային ճնշման աճի ռիսկերը, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրվի կամ ձգձգվի։ Մասնավորապես հնարավոր է ապրանքների մատակարարման արժեքի աճ և զբոսաշրջիկների հոսքի նվազում, եթե տարածաշրջանը սկսի ընկալվել որպես ոչ անվտանգ։ Նման պայմաններում կարող է անհրաժեշտ լինել գնաճը զսպել տոկոսադրույքների բարձրացման հաշվին։
Բացի այդ, աշխարհաքաղաքական լարվածության աճը կարող է ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։ Շուկայի մասնակիցները կարող են պահանջել հայկական արժեթղթերի ավելի բարձր եկամտաբերություն՝ ռիսկի ընկալման աճի պատճառով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։