ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից ի վեր Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ավելի քան 130 իսրայելական անօդաչու թռչող սարք:
«Այսօր առավոտյան ժամը յոթի դրությամբ ոչնչացվել են ավելի քան 130 հետախուզական և հարվածային այնպիսի անօդաչուներ, ինչպիսիք են՝ Hermes–ը, Harop–ը, Heron–ը»,– ասվում է IRIB-ի հրապարակման մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։