ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռները չեն թռչում վտանգավոր գոտիների վրայով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ավիափոխադրողի մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով ավելի վաղ տարածված լուրը, որ Դուբայ-Մինսկ չվերթն իրականացվել է Իրանի օդային տարածքով։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ–ներ հայտնել էին, որ Flightradar ծառայության տվյալներով՝ բելառուսական ավիաընկերության BRU718 ինքնաթիռը թռչում է Իրանի վրայով։ Աղբյուրն իսկապես ցույց էր տվել, որ Իրանի օդային տարածքում ինքնաթիռ կա։
«Մեր ինքնաթիռը չվերթն իրականացրել է շրջանցելով՝ այն հետագծով, որը մենք հայտարարել էինք Իրանի օդային տարածքի փակումից հետո»,– պարզաբանեցին մամուլի ծառայությունից։
Նշենք, որ «Բելավիայից» հետո հունիսի 22-ի երեկոյան Իրանի հարավում երևացել են տարբեր ավիաընկերությունների 10 ինքնաթիռներ։ Մեծ մասը Դուբայից մեկնել է այլ երկրներ։
Flightradar-ը դեռ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը, բայց հարկ է նշել, որ նման դեպք էր գրանցվել նաև 2023 թվականին։ Այդ ժամանակ ընկերությունը հայտնել էր, որ Flightradar-ում խափանում է եղել, քանի որ առանձին անհատներ կեղծում են ինքնաթիռների գտնվելու վայրի վերաբերյալ տվյալները։
Հիշեցնենք, որ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքը ավիափոխադրումների համար փակ է հունիսի 13-ից` իրանա-իսրայելական էսկալացիայի մեկնարկից ի վեր։ Երեկ երեկոյան Իրաքի տրանսպորտի նախարարությունը հայտնեց, որ Բասրայի օդանավակայանը բացվել է, բայց թռիչքների համար սահմանվել է 2 հստակ միջանցք և Պարսից ծոցի կողմից սահմանը հատելու 2 հսկիչ կետ։