ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել է պատգամավորի կապը «Ալռոսայից» գողացված ադամանդների հետ։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։ Ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:
«Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է»,– գրել է Մկրտչյանը։
Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ նա վստահեցրել է, որ Խաչատուր Սուքիասյանն առհասարակ ներգրավված չէ ադամանդի բիզնեսի մեջ։
Ինքը՝ Սուքիասյանը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ «ADM Diamond»–ի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները։