Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում համաժողովրդական ցույց՝ Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով:
Թեհրանի կենտրոնում գտնվող Էնքելաբ հրապարակում հավաքվածներին աջակցելու է դուրս եկել նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Հանրահավաքն այնքան բազմամարդ է, որ հրապարակում մարդիկ չեն տեղավորվում․ ցույցի մասնակիցների մեջ թե՛ տղամարդիկ կան, թե՛ կանայք։ Շատերը ծածանում են ԻԻՀ դրոշներ:
Տարեց տղամարդը ցուցանակ է բռնել՝ «Կորչի՛ Իսրայելը» կարգախոսով։ Այս ցուցանակը մեկն է այն շատերից, որոնք կոչ են անում ԱՄՆ-ին և Իսրայելին «ձեռքերը հեռացնել Իրանից»:
Տարեց տղամարդը ցուցանակ է բռնել՝ «Կորչի՛ Իսրայելը» կարգախոսով։ Այս ցուցանակը մեկն է այն շատերից, որոնք կոչ են անում ԱՄՆ-ին և Իսրայելին «ձեռքերը հեռացնել Իրանից»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: