Մանկական թաղումներ` Ագարակի եկեղեցու բակում. էլ ինչ են բացահայտել այստեղ արված պեղումները

Պեղումները մի քանի օրից կավարտվեն, բայց հնագետների համար արդեն պարզ է` բոլոր հարցերի պատասխաններն այս պեղումները չեն տալու, բազմակողմանի ուսումնասիրություն է պետք նաև եկեղեցու ինքնատիպ հորինվածքը հասկանալու համար։
Sputnik
Արդեն մոտ 2 շաբաթ է՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում հնագիտական արշավախումբն աշխատում է, պեղվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքը։ Խորհրդային տարիներին մաքրման աշխատանքներ արվել են, իսկ պեղումներ առաջին անգամ են կատարվում։ Նպատակը եկեղեցու հատակագծի հստակեցումն է՝ վերականգնման նախագիծ կազմելու համար։
Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումների արդյունքները
Թեպետ տարածքում շատերն այն Սուրբ Հովհաննես են անվանում, անգամ նստարանների վրա է Սուրբ Հովհաննես գրված, բայց փաստաթղթերով Սուրբ Աստվածածին է։ Չգործող եկեղեցի է, բայց ժամանակ առ ժամանակ այստեղ հոգևոր արարողություններ են անցկացվում։ Վաղ միջնադարյան միանավ բազիլիկ եկեղեցին վերագրվում է 4-6-րդ դարերին։ Այդ մասին են վկայում պատերից մեկի վրայի հավասարաթև խաչերը։ Այս շաբաթների ընթացքում եկեղեցին արդեն հասցրել է հնագետներին հարուստ նյութ տալ և անակնկալներ մատուցել։ Պեղումների ընթացքում հնագետներն անսպասելի շերտ բացեցին՝ գրեթե 1 տասնյակին հասնող մանկական թաղումներով։
Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումների արդյունքները
«Գավիթի հատվածում բացել ենք թաղումներ, որոնք բնորոշ են միջնադարին։ Հիմնականում երեխաների թաղումներ են։ Կդժվարանամ ասել, թե ինչու այդքան շատ՝ մոտ 7-8 մանկահասակ թաղումներ ունենք և ընդամենը 2-3՝ մեծահասակի թաղում։ Արդեն լաբորատորիա տեղափոխելուց և մարդաբանի հետազոտություններից հետո գուցե հնարավոր լինի և՛ այդ հարցի պատասխանը ստանալ, և՛ միգուցե նաև մահվան պատճառները հասկանալ»,- ասում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի հնագիտական արշավախմբի հնագետ Աստղիկ Սիմոնյանը։
Աստղիկ Սիմոնյանը
Նախնական տեղեկություններով՝ մոտ 3-4 տարեկան երեխաների թաղումներ են, ավելի փոքրիկներ էլ կան։ Մնացյալ հարցերի պատասխանները կտա հնամարդաբանը։ Ի դեպ, ըստ հնագետների՝ գավիթի թաղումները շարունակվում են նաև ճեմուղու մյուս կողմում։
«Երբ ճեմուղու ուղղությամբ կտրվածքներ տալիս ենք, էլի ոսկորներ են գտնվում։ Այսինքն` ամբողջ տարածքում թաղումներ են եղել»,- ասում է Աստղիկը։
Բացի մարդաբանական նյութից՝ տարածքից գտնվել է նաև մեծաքանակ խեցեղեն, հուլունքներ, թևնոցներ։ Կարասների մի մասը թվագրվում է 13-14-րդ դարերով։
Հայտնաբերված խեցեղենը
«Այսպիսի արդյունք չէինք սպասում»,- ասում է Աստղիկը։
Հնագետներին զարմացրել է նաև եկեղեցու ճարտարապետական հորինվածքը, մասնավորաբար՝ ամրոցատիպ բազմաշերտ, հաստ պատը։
Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցին
«Արևելյան և հարավային պատերը դրսի կողմից ունեն մեծ որմնահեծեր, ինչը բնորոշ է աշտարակներին։ Ուսումնասիրողներն ու ճարտարապետները` դեռ Թորոս Թորամանյանից սկսած, մի քանի վարկած են առաջ քաշել` կամ հենց ամրաշինական նպատակով է այսպես կառուցվել՝ որպես ամրոցատիպ եկեղեցի, կամ էլ ավելի վաղ շրջանի պարիսպ է եղել, որն օգտագործել են և դարձրել բազիլիկ եկեղեցի»,- ասում է հնագետը։
Թեպետ դեռ պեղումների ավարտին մի քանի օր կա, բայց հնագետները վստահ են՝ պեղումների այս շրջանը բոլոր հարցերի պատասխանները չի տալու։ Սուրբ Աստվածածինը շատ ավելին ունի պատմելու։
1 / 5

Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցին

2 / 5

Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումների արդյունքները

3 / 5

Պեղումներ

4 / 5

Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումների արդյունքները

5 / 5

Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու պեղումների արդյունքները