Հռոմի պապ Լևոն XIV-ը խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին

Հռոմի պապ Լևոն XIV-ը. Արխիվային լուսանկար
Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով հանդես գալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Ամբողջ միջազգային հանրությունը բարոյական պատասխանատվություն ունի կանգնեցնելու Մերձավոր Արևելքում պատերազմը, քանի դեռ անդառնալի կետի չենք հասել։ Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակնօրյա աղոթքի ժամանակ խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքին` անդրադառնալով Իրանում ստեղծված իրավիճակին։
«Պատերազմը չի լուծում խնդիրները, ընդհակառակը, այն խորացնում է դրանք և խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ: Թող դիվանագիտությունը լռեցնի զենքերը: Թող ազգերը կերտեն իրենց ապագան խաղաղության գործերով, այլ ոչ թե բռնությամբ և արյունալի հակամարտություններով»,- ասել է Հռոմի պապ Լևոն 14-րդը:
Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում արդեն իսկ ողբերգական իրավիճակ է ստեղծվել, որը Իսրայելն ու Պաղեստին միջև հակամարտությամբ է պայմանավորված։ Ստեղծված իրավիճակում տեղի բնակչության ամենօրյա տառապանքները կարող են մոռացության մատնվել, հատկապես Գազայում և այլ հատվածներում, ուր մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը գնալով ավելի հրատապ է դառնում։
Հռոմի պապ Լևոն XIV-ը շեշտել է, որ այսօր, ավելին քան երբևէ, մարդկությունն աղաղակում է խաղաղության մասին։ Ուստի չի կարելի հակամարտությունը հրահրող խոսույթով հանդես գալ։
«Ոչ մի զինված հակամարտության հաղթանակ չի կարող փոխհատուցել մայրերին իրենց ապրած ցավը, երեխաների վախն ու գողացված ապագան»,–ասել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի փակմանը