ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Պեկինը վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա և հարվածները միջուկային օբյեկտներին, որոնք գտնվում են ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության տակ, հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:
«Չինաստանը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ, համախմբել ջանքերը և պաշտպանել արդարությունը, ինչպես նաև ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության վերականգնման համար»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև սրում լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Պեկինը կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին, հատկապես Իսրայելին, հնարավորինս շուտ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել կողմերի միջև:
ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: