ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. «Իրանի միջուկային հավակնությունները» ոչնչացվել են ԱՄՆ-ի հարվածներից հետո, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ Նա ասել է, որ հարձակումն ուղղված չի եղել իրանական զորքերի կամ քաղաքացիական անձանց դեմ: Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունը կրել է «Կեսգիշերային մուրճ» անվանումը, այն գաղտնի պատրաստվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:
Հարվածների համար օգտագործվել են յոթ B-2 ռմբակոծիչներ, որոնք 14 հակաբունկերային ռումբ են նետել ստորգետնյա օբյեկտների վրա։ Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել է ավելի քան 120 ինքնաթիռ, դրանք Իրանի տարածքում մնացել են շուրջ 20 րոպե:
Ընդհանուր առմամբ, միջուկային օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է 75 զինամթերք։
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո եկել է «դեպի խաղաղություն շարժվելու» ժամանակը, Վաշինգտոնը դա է ակնկալում Թեհրանից:
«ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի փնտրում, բայց պատրաստ է վճռականորեն պաշտպանել իր շահերն ու դաշնակիցներին տարածաշրջանում»,–ասել է նախարարը:
Ընդ որում, նա սպառնացել է, որ ԱՄՆ-ի հարվածներին Իրանի ցանկացած ուժային արձագանք կստանա պատասխան, որը «ուժով զգալիորեն կգերազանցի» գիշերային գրոհները:
Հեգսեթը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը «ուղղված չէ ռեժիմի փոփոխությանը»:
Ավելի վաղ Իսրայելը չէր բացառել այաթոլլա Խոմեյնիի սպանությունը, Թրամփը պնդում էր, որ ԱՄՆ-ը չի ծրագրում վերացնել նրան «համենայն դեպս հիմա»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: