ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ո’չ Ռուսաստանը, ո’չ ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունեն, որ Իրանն իբր ցանկացել է միջուկային զենք ստանալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Մոսկվան բազմիցս հայտնել է Իսրայելին միջուկային զենք ստանալու Իրանի ձգտման մասին ապացույցների բացակայության մասին:
«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, երբեք որևէ ապացույց չի ունեցել, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստանալ, ինչի մասին բազմիցս տեղյակ ենք պահել նաև Իսրայելի ղեկավարությանը», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի որոշ մանրամասներ կարելի է քննարկել և պայմանավորվել:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրիչներ էր անվանել նրանց, որոնց խոսույթի համաձայն՝ Ռուսաստանն անվստահելի դաշնակից է: Ռուսաստանի նախագահը համոզված է, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնի։ Նրա խոսքով՝ Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները բարեկամական են, և ՌԴ-ն միշտ կատարում է իր պարտավորությունները: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը խաղաղ ատոմի ստացման հետ կապված Իրանի իրավունքը պաշտպանում է ոչ թե խոսքով, այլ գործով։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։