Փեզեշքիանը Մակրոնին ասել է, որ Իրանը դեմ է իր միջուկային ծրագրի զրոյացմանը

Իրանի նախագահը շեշտեց, որ Թեհրանը պատրաստ է վստահություն կառուցել, և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, բայց դեմ է դրա զրոյացմանը։
«Մենք պատրաստ ենք երկխոսության և համագործակցության՝ վստահությունը ամրապնդելու և Իրանի միջուկային գործունեության խաղաղ բնույթը երաշխավորելու համար։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի դեպքում չենք ընդունի ապամիջուկայնացումը, իսկ իսրրայելական ռեժիմի կողմից ագրեսիայի դեպքում Թեհրանը կտա ջախջախիչ և վճռական պատասխան», –Փեզեշքիանի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Փեզեշքիանն ընդգծել է նաև, որ Իրանը պատրաստ է վստահություն կառուցել և այս առումով ողջունում է ցանկացած երկխոսություն և բանակցություն։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։