ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Իրանի արևմյան Լուրեստան նահանգում Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 5 մարտիկ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
«Այսօր առավոտյան Լուրեստան նահանգի Խորամաբադ քաղաքում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ 5 մարտիկ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրան-Իսրայել հակամարտությունն սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 430, վիրավորվել՝ ավելի քան 3,5 հազար մարդ:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։