ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին կգործուղվեն Վրաստան։ Ինչպես տեղեկանում ենք կառավարության մամուլի ծառայությունից, որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Որոշման մեջ նշվում է, որ նպատակը երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումն է։
Հիշեցնենք` հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ խնդիրը վերջնականապես կլուծվի հունիսի 6–ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն Սոնգուլաշվիլին վերջին պահին չեղարկեց այցը Հայաստան` պատճառաբանելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի։