ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Բաքվում տեղի է ունեցել հերթական «դատական նիստը» հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այսօր, մասնավորապես, հարցաքննել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Նրան հարցեր են ուղղվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության, ինչպես նաև Արցախում սփյուռքահայերի՝ իբր լայնածավալ վերաբնակեցման մասին։
Լևնոն Մնացականյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում
© Photo
Բակո Սահակյանը նշել է, որ հանդիսացել է Արցախում երկար տարիների ընթացքում խոշոր նախագծերի իրականացմամբ զբաղված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:
Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
© Photo
Ինչ վերաբերում է վերաբնակեցմանը, ապա, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Սահակյանը հայտարարել է, որ Արցախում բնակություն հաստատելու առաջարկն այնքան գրավիչ չէր, որ մարդիկ խանդավառությամբ տեղափոխվեին այնտեղ:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստը
© Photo
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 23-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: