Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, և, Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը չի կարող բխել Հայաստանի շահերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թուրքիային բերում են որպես Հարավային Կովկասի «նայող», և դա արվում է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. ԱԺ–ում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը։
«Մեր տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում. Ռուսաստանը` Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը` Իսրայելի։ Եվ այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում ավտոմատ բարձրանում է։ Այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը, բնականաբար, որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից»,– նշեց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունների ձեռքով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում Թուրքիային տարածաշրջանում «նայող» դարձնելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։
Մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահը։