«Տաշիր Պիցցա»-ի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է

Մյուս 15 կետերում ստուգումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Տաշիր Պիցցա» ցանցի հանրային սննդի կետերի մեկ երրորդի գործունեությունը կասեցվել է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։
Նշվում է, որ «Տաշիր Պիցցա» ցանցի փակ կետերի թիվը հասել է 12-ի: Եվս երեք մասնաճյուղերում ստուգումներ են անցկացվել, սակայն տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ 15այլ կետերում ստուգումները շարունակվում են, հստակեցրել է նա։
Հարությունյանը պարզաբանեց, որ այդ ստուգումներն իրականացվում են ստացված բողոքների կամ հենց կազմակերպության դիմումի հիման վրա։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։