Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը։
«Անհանգստացնում է, շատ է անհանգստացնում։ Ասում եմ առանց որևէ հեգնանքի, առանց կատակի, իհարկե, որ կոնֆլիկտային ներուժը շատ է։ Մեր քթի տակ՝ Ուկրաինայում, և այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Մեզ անհանգստացնում է, թե ինչի կարող է դա հանգեցնել։ Եվ իհարկե մեզ շատ է անհանգստացնում այն, ինչ տեղի է ունենում Իրանի միջուկային օբյեկտների շուրջ»,– ասել է նա։
Պուտինն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, պահանջում է ուշադրություն և հակամարտության լուծման ուղիների որոնում, հատկապես խաղաղ միջոցներով՝ բոլոր ուղղություններով:
«Դրա համար էլ մենք հավաքվել ենք այստեղ», - հավելել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։