«Պետության համը պետք է մնա նրանց բերանում». Հովհաննիսյանը կրկնում է Փաշինյանին

Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանը սպառնաց, և նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան. Աժ–ում լրագրողների հետ ճեպազույցում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատության մասին» առկա այն տեսակետին, թե Փաշինյանը «Ֆեյսբուքում» սպառնաց, ինչից հետո Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։

«Երբ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է և տվայլ քաղաքական իրավիճակում հայտարարություն է անում, օգտագործելով «խմբակ» և տարբեր այլ արտահայտություններ` ասելով, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան և քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել... Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ»,– պնդեց Հովհաննիսյանը` հավելելով, որ Կարապետյանը սպառնացել է պետությանը, ինչին, ըստ նրա, պետք է տրվի և՛քաղաքական, և՛ քրեաիրավական գնահատական։

«Եվ, այո, ինչպես իրավացիորեն ասել է պարոն վարչապետը. «պետության համը պետք է մնա նրանց բերանում»։ Եվ հիմա այդ պրոցեսի մեջ եք մենք գտնվում»,– հայտարարեց ՔՊ քարտուղարը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։