ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման հետ կապված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, մենք հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց ամենաուշադիր կերպով հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։