Իրանա-իսրայելական հակամարտություն. նախորդ օրվա գլխավոր իրադարձությունները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անցած օրվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հասել է լարվածության նոր մակարդակի. Իրանը և Իսրայելը փոխանակվել են հրթիռային հարվածներով, զոհեր և տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում: Ստորև` այս պահին հիմնական նորությունները:
Իսրայելի ռազմական թիրախներին և արդյունաբերական կենտրոններին նոր հարվածներ են հասցվել. ԻՀՊԿ
Իրանը վաղ առավոտյան հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հրթիռների արձակում է գրանցել Իրանի տարածքից, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է նոր հարձակումը:
Թիրախներից մեկը եղել է Բեեր Շևեի Gav-Yam 4 տեխնոլոգիական պարկում գտնվող ՏՏ ընկերությունը: Times of Israel-ի տվյալներով՝ ընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում ծառայություններ է մատուցել ՑԱԽԱԼ-ին: Նույն շենքում է գտնվում նաև Microsoft-ի գրասենյակը: Հրթիռի հարվածը ավերածություններ և հրդեհ է առաջացրել:
Հղում անելով Իսրայելի երկաթուղային ընկերությանը` իսրայելական 12-րդ ալիքը հաղորդում է, որ Բեեր Շևեի կայարանում 35 մարդ է տուժել։ Հաստատությունը փակ է իրանական հրթիռի պատճառած վնասի պատճառով։ Մեքենաներ են այրվում, գրանցվել են բնակելի շենքերի վնասվածքներ, ինչը հաստատվում է սոցցանցերում տարածված տեսանյութերով։ Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։
Թրամփը 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ
Տուժել է նաև «Սորոկա» բուժկենտրոնը. քիմիական վարակում է տեղի ունեցել, որի պատճառով անհրաժեշտ է եղել շտապ տարհանել ավելի քան 850 մարդու: Իսրայելում վիրավորների թիվը գերազանցում է 2000-ը, հաստատվել է առնվազն 24 մահվան դեպք։
Իսրայելն իր հերթին հարվածել է Իրանի մի շարք ռազմական և միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Արաքին, Նաթանցին, Սպահանին և Բուշերին: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների տվյալներով՝ Իրանում այդ հարվածների հետևանքով շորջ 650 մարդ է զոհվել՝ ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ ավելի քան 60 կործանիչներ գրոհել են Թեհրանում գտնվող ռազմական թիրախների վրա։ Դրանց թվում են հրթիռների արտադրության և միջուկային զենքի մշակման օբյեկտներ։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին արգենտինական «La Nación» պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի հարձակումների մեկնարկի պահին Իրանը միջուկային ռումբ չի ունեցել և չի արտադրել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել շարունակել հարձակումները Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «չպետք է գոյություն ունենա»՝ համեմատելով նրան Հիտլերի հետ։
Մերձավորարևելյան սրացումն ուժեղացնում է Հայաստանի կախվածությունը Իրանից. փորձագետ
Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է «առավել ուժեղ» հարված հասցնել Իսրայելին, սակայն նաև հայտնել է բանակցությունների իր պատրաստակամությունը՝ պայմանով, որ Իսրայելի կդադարեցնի հարձակումները։
Միջազգային հանրությունը հանդես է գալիս լարվածությունն անհապաղ թուլացնելու օգտին։ ԵՄ-ն, ՄԱԿ-ը և G7-ի երկրները բանակցություններ են նախաձեռնում, Շվեյցարիայում հանդիպում է նախատեսվում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ։ ԱՄՆ-ն, ըստ Սպիտակ տան աղբյուրների, դեռ որոշում չի կայացրել ռազմական միջամտության վերաբերյալ, սակայն Միջերկրական ծովի արևելյան հատվածում իր նավատորմը պահում է լիակատար մարտական պատրաստականություն վիճակում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։