ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմի երկու բնակչի է ձերբակալել, որոնք կասկածվում են տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների վրա ահաբեկչական հարձակում կատարելու՝ Սաքսի շրջանում երկաթուղու վրա ռելեային պահարանները հրկիզելու մեջ։ Այս մասին հայտնում է Ղրիմի Հանրապետության գծով ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածները 30 տարեկան են, նրանք խոստովանել են, որ գործել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության անհայտ աշխատակցի հանձնարարությամբ, որի հետ կապ են պահպանել Telegram մեսենջերի միջոցով։
«Ռուսաստանի ՆԳՆ Ղրիմի տրանսպորտի գծային վարչությունը երկու ռելեային պահարանների հրկիզման փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի («Ահաբեկչական գործողություն») 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հոդվածը նախատեսում է մինչև քսան տարի ազատազրկում։ Երկու ձերբակալվածներն էլ դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամսով։