ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը, որն այս պահի դրությամբ պահվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, գտնվում է խիստ մեկուսացման պայմաններում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ քննիչի որոշմամբ արգելվել են բոլոր տեսակցությունները, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ։ Միակ բացառությունը նրա փաստաբանն է»,–գրում է թերթը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ հարազատները մինչև երկու ամիս չեն կարողանալու հանդիպել նրա հետ։
Նկատելի է նաեւ անսպասելի շրջադարձ քրեակատարողական հիմնարկի ընտրության հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացել է, որ որոշված է եղել Կարապետյանին տեղափոխել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին որոշվել է տեղափոխել «Արմավիր»։ Որոշումը կայացվել է տեղափոխությունից անմիջապես առաջ։
«Արմավիր» ՔԿՀ–ում պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։