Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ–ն և Ուկրաինան բանակցային նոր փուլի շուրջ համաձայնության կգան հունիսի 22-ից հետո. Պուտին

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային թիմերը համաձայնության են եկել հաջորդ փուլն անցկացնել հունիսի 22-ից հետո։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք սկզբունքորեն համաձայնել են հանդիպել հունիսի 22-ից հետո», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Ստամբուլի Չիրագան պալատում անցկացվել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որը տևել է ավելի քան մեկ ժամ: Նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսի 16-ին:
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հունիսի 2–ի բանակցություններից հետո հայտնել է, որ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մանրամասն հուշագրի նախագիծ է փոխանցել ուկրաինական կողմին։ Կողմերը պայմանավորվել են նաև առանձին հատվածներում 2-3 օրով դադարեցնել կրակը, որպեսզի հրամանատարները կարողանան վերցնել իրենց զինվորների մարմինները:
Ամենայն հավանականությամբ` Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կրկին Ստամբուլում կանցկացվի։