ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Մոսկվան դեմ չէ ուկրաինական կողմի որևէ ներկայացուցչի, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպել, եթե Կիևը վստահի նրան երկխոսությունը վարելու հարցում։
«Ես պատրաստ եմ հանդիպել բոլորի հետ, այդ թվում՝ Զելենսկու։ Հարցը դա չէ։ Եթե ուկրաինական պետությունը վստահում է ինչ-որ մեկին բանակցությունները վարելու, հարց չկա, Աստծու սիրուն։ Հարցն այլ է՝ ո՞վ է ստորագրելու փաստաթղթերը», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի համար մեկ է, թե ով է բանակցությունները վարում, նույնիսկ եթե դա «ռեժիմի գործող ղեկավարն» է։ Սակայն, ըստ նրա, հանդիպումը չպետք է լինի զուտ հանդիպելու համար. այն պետք է վերջնական արդյունք տա։
Պուտինը կասկածի տակ է դրել Ուկրաինայի ներկայիս ղեկավարության լեգիտիմությունը՝ նշելով, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ նախագահի լիազորությունների ժամկետը սահմանափակվում է հինգ տարով և չի կարող երկարաձգվել նույնիսկ ռազմական դրության դեպքում։
«Ուշադիր կարդացեք. լիազորությունները երկարաձգելու եղանակներ չկան», - ասաց ՌԴ առաջնորդը։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ 2025 թվականին ՊՄՏՀ-ի գլխավոր թեման է՝ «Ընդհանուր արժեքները բազմաբևեռ աշխարհի աճի հիմունքներն են»։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է: