«Տաշիր» ընկերությունների խումբն աշխատում է նախկին ռեժիմով. հայտարարություն

Գործարարի նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարել է, որ հիմնադիր Սամվել Կարապետյանի շուրջ Հայաստանում ստեղծված իրավիճակը չի ազդի Ռուսաստանում նրա գործունեության վրա: Այս մասին հայտնում է խմբի պաշտոնական տելեգրամյան ալիքը։
Կարապետյանի նկատմամբ Հայաստանում գործ է հարուցվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի հոդվածով։ Գործարարն այդ մեղադրանքը չի ընդունում։ Շուտով դատարանը կհրապարակի նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
««Տաշիր» խումբն աշխատում է նախկին ռեժիմով։ Ո՛չ բիզնեսին, ո՛չ հիմնադրամի գործունեությանը սպառնալիք չկա. Ռուսաստանի և Հայաստանի բոլոր նախագծերը շարունակվում են այնպես, ինչպես պլանավորված էին», - նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել: