ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյից հետո Սամվել Կարապետյանի ընտանիքին աջակցություն է հայտնել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը:
«Ինստագրամի» իր էջում նա վերահրապարակել է գործարարի դուստր Տատա Կարապետյանի գրառումը, որի հետ երկար տարիներ ընկերություն է անում, և գրել. «Կիրկորովների ընտանիքը ձեզ հետ է»։
Ֆիլիպ Կիրկորովը և Տատա Կարապետյանը առաջին իմերսիվ (հանդիսատեսի ներկայության էֆեկտով – խմբ.) արտ-տարածության բացմանը
© Photo : ОК
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի դուստրը գրառում էր կատարել՝ գրելով. «Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով հիմա մեր ընտանիքի հետ է»:
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել։