Ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների խորհուրդը` Կարապետյանի դեմ սկսված արշավի մասին

Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik․ Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախուղման ու պատմության արժանի դատաստանին: Այս մասին ասվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի` Դիվանագետների համահայկական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ»,–ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:
«Միջազգային ասպարեզում և սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ»,–ասվում է դիվանագետների տարածած հայտարարության մեջ:
Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։