Դիմակավորված անհայտ անձինք գրավել են Ուկրաինայի արևմուտքում գտնվող Չեռնովցի քաղաքի կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու տաճարը և ծեծել քահանային, այսօր հայտարարել է Ուկրաինայի Ուղղափառ լրագրողների Միությունը:
«Չեռնովցիում դիմակավորված 50 մարդ գրավել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մայր տաճարը։ Զինյալները ծեծել են քահանաներից մեկին», - ասված է միության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Քահանաներից մեկի գլխին խորը վնասվածքներ կան, մյուսի կողերը կոտրված են։ Նրանց հոսպիտալացրել են։
Ծխականները փակել են ճանապարհը՝ ի նշան բողոքի, որ իրենց թույլ չեն տալիս մուտք գործել տաճարի տարածք։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու «եպիսկոպոս» Ֆեոգնոստ Բոդորյակը տաճարի մոտ տեղի ունեցող բռնությունն անվանել է «ուկրաիներենով առաջին աղոթք»։
Ուկրաինայի գործող իշխանությունները երկրի ժամանակակից պատմության մեջ կազմակերպել են Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու՝ երկրի հավատացյալների ամենամեծ համայնքի նկատմամբ հետապնդումների ալիքը: Վկայակոչելով Ռուսաստանի հետ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կապը՝ Ուկրաինայի տարբեր շրջանների տեղական իշխանությունները որոշում են կայացրել արգելել եկեղեցու գործունեությունը։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն սկսել է քրեական գործեր հարուցել Ուկրաինական ուղղափառ եկեղեցու հոգևորականների դեմ, անցկացնել «հակահետախուզական միջոցառումներ»՝ եպիսկոպոսների և քահանաների, տաճարների և վանքերի խուզարկություններ՝ փնտրելով «հակաուկրաինական գործունեության» ապացույցներ։ Հոգևորականության որոշ ներկայացուցիչների նկատմամբ ուկրաինական դատարանները մեղադրական դատավճիռներ են կայացրել, շատերը կալանքի տակ են:
Տեղական իշխանությունների աջակցությամբ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն պատկանող հարյուրավոր ուղղափառ տաճարներ ուժով գրավվել են ուկրաինական հերձվածողների կողմից։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնության են ենթարկվում քահանաներն ու աշխարհականները, տղամարդիկ և կանայք։ 2024 թվականի սեպտեմբերի 23-ից երկրում ուժի մեջ է մտել Ռադայի կողմից ընդունված և Վլադիմիր Զելենսկու կողմից ստորագրված օրենքը, որը հնարավորություն է տալիս արգելել երկրում Ուկրաինական ուղղափառ եկեղեցու գործունեությունը։