ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը շարունակելու է պայքարել հայ ժողովրդի սրբությունների համար։ Նա պաշտոնական հայտարարություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը, գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։
«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»,– հայտարարել է Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։
Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տևական ժամանակ գրոհ է սկսել Ամենայն հայոց Կաթողիկոսի և հայ հոգևորականների դեմ։