ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հայտնի գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան մոտ իրավիճակը լարվեց։
Պարեկները պահանջեցին հեռացնել տան դիմաց կանգնած բեռնատարը, որը Կարապետյանի կողմնակիցները կանգնեցրել էին փողոցում։
Մի քանի րոպե տևած լեզվակռվից և հրմշտոցից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել հավաքվածներին, որ հեռանան և ճանապարհ բացեն բեռնատարի համար։ Միջադեպից հետո մարդիկ վերադարձան Սամվել Կարապետյանի առանձնատան բակ:
Հիշեցնենք` այսօր Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն է իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Գործարարի տան մոտից տասնյակ մարդիկ են տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։ Սամվել Կարապետյանն առայժմ ձերբակալված չէ։
Այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ է արել։
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Գործարարի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները դատապարտել է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Սամվել Կարապետյանի տան մոտ արդեն մի քանի ժամ է՝ բազմամարդ է, փողոցը փակ է։
Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերն է, նաև խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են բազմաթիվ հաստատություններ, իրականացվում սոցիալական մի շարք ծրագրեր։