ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Իսրայելը ցանկանում է տարածաշրջանային և համաշխարհային խաղացողներին ներքաշել Իրանի հետ հակամարտության մեջ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այդ մասին ասել է լեհ գործընկերոջը` Ռադոսլավ Սիկորսկուն։
«Արտաքին գործերի նախարարը զգուշացրել է, որ իսրայելական ռեժիմը մտադիր է բախումը տարածել այլ տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների վրա», - ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Արաղչիի խոսքով՝ Իսրայելը հենց այդ նպատակով է հարձակվել Պարսից ծոցում գտնվող Իրանի նավթային օբյեկտների վրա։
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ հունիսի 14-ին Իսրայելը հարձակվել է Պարսից ծոցի ափին գտնվող Ասալույեի հատուկ էներգետիկ գոտու վրա, որը զբաղվում է «Հարավային Պարս» նավթագազային հանքավայրում արտադրվող էներգետիկ ռեսուրսների մշակմամբ։ Հանքավայրում Իրանի նավթի նախարարությունն այդ օրը հրդեհ է գրանցել։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։