Իրավապահները խուզարկություններ են իրականացնում Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը

Փաշինյանի գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։
Sputnik
Հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կադրերում երևում է, որ մի քանի ավտոմեքենաներ տեղափոխում են քարշակով, իսկ շքամուտքում կանգնած է գործարարի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, բակում մարդիկ են հավաքված՝ ընկերներ, ծանոթներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։
Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ–ի ազգայնացման հարցը