Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության 3 աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածներից. ԶԼՄ

Ավելի վաղ Իրանի IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երեկ երեկոյան Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությանն Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։
«Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետևանքով «Իրանի Իսլամական Հանրապետության ձայնի» զոհված աշխատակիցների թիվը հասել է երեքի», - հայտնել է գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։
Իսրայելի կողմից հեռուստառադիոընկերության գրասենյակին հասցված հարվածի պահը, ինչպես պնդում են իրանական լրատվամիջոցները, հայտնվել է «Երկրորդ լրատվական ալիքի» ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերում խափանումներ են սկսվել և պատկերը սկսել է «կախել»։ Ուղիղ հեռարձակումն այժմ ավելի կայուն է։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 16–ի դրությամբ Իսրայելը հայտարարել է, որ իրանական հարվածներից զոհվել է ավելի քան 20 մարդ, վիրավորվել են ավելի քան 600-ը: Իր հերթին Իրանը հայտնում է ավելի քան 220 զոհերի և ավելի քան 1,2 հազար տուժածների մասին: