ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան՝ Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիայի ֆոնին:
Truth Social սոցցանցում իր գրառման մեջ նա նշել է, որ կողմերի միջև խաղաղությունը հնարավոր է և ընդգծել է ԱՄՆ-ի հետ առևտրի դերը՝ որպես բանակցությունների վրա ազդեցության գործիք:
«Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք դա կանեն, ինչպես ժամանակին ես օգնեցի Հնդկաստանի և Պակիստանի միջև համաձայնագիր կնքել։ Այն ժամանակ ԱՄՆ-ի հետ առևտուրը նպաստեց նրան, որ կողմերը հասնեն ողջախոհության և համաձայնության»,-գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ ներկայումս բազմաթիվ բանակցություններ ու շփումներ են ընթանում:
«Ես շատ բան եմ անում, ու թեև դա ոչ միշտ են հաշվի առնում, բայց ժողովուրդը հասկանում է։ Մերձավոր Արևելքը նորից հզոր դարձնենք»,-ավելացրել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանի վրա իսրայելական հարձակումների հետ:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։
Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։