ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի ֊ Sputnik. Օգոստոսի 15-ից 17-ը Երևանում՝ Խաչքարերի պուրակում, կանցկացվի «EnoFest Armenia 2025» էնոտուրիզմի (գինու զբոսաշրջության) փառատոն Feast & Twist նշանաբանով։ Միջոցառման մուտքն անվճար է, իսկ գինու համտեսը հնարավոր կլինի միայն կազմակերպիչներից գնված բրենդային բաժակով։
Փառատոնի գոտիները ներառում են գինու համտես և վաճառք, դրան ակտիվորեն կմասնակցեն հյուրանոցներն ու տուրօպերատորները, թանգարաններն ու դեսպանատները։ Փառատոնին կներկայացվեն տեղական արհեստներ, ավանդական և ժամանակակից խոհանոց, խաղեր և կրթական միջոցառումներ, կենդանի երաժշտություն և պար: Կգործի նաև հատուկ տաղավար՝ հաշմանդամություն ունեցող անձանց պատրաստած ապրանքներով։
Օգոստոսի 17-ին տեղի կունենա տոնական միջոցառում՝ նվիրված խաղողօրհնեքի հայկական ավանդույթին։
Օգոստոսի 15-ին «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցում տեղի կունենա EnoTalks Armenia 2025 փակ միջազգային կոնֆերանսը՝ նվիրված տարածաշրջանում էնոտուրիզմի հեռանկարներին և զարգացմանը։