Ուժգին կարկուտ ու քամի Շիրակի մարզում. Գյումրիում փողոցները գետերի են վերածվել

Անսպասելի վատ եղանակն այսօր էլ վրա է հասել Շիրակի մարզին, ուժգին կարկուտը վնասներ է հասցրել նաև մարզկենտրոն Գյումրիում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ ՀՀ Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում սաստիկ կարկուտ է տեղացել։ Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել։
Օգտատերերից Կարեն Տերտերյանը հրապարակել է տեղացած կարկուտն ու հայտնել, որ Գյումրիում ուժգին քամու և կարկուտի հետևանքով ծառեր են կոտրվել, տանիքներ պոկվել։
Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել նաև Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Գյումրիում արված լուսանկարներից մեկում թվում է, թե ասֆալտը ձյան շերտով է ծածկված։
Նա լուսանկարներ է հրապարակել նաև Շիրակի մարզի Մուսայելյան գյուղից։ Դրանցում երևում է, որ գրեթե հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել։
Նշենք, որ օրեր առաջ էլ խոշոր կարկուտ էր տեղացել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում։