Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը. Նեթանյահուհի գրասենյակ

Իսրայելցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանին թույլ չեն տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իսրայելը կընդլայնի Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական գործողությունը։ Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«ՑԱԽԱԼ–ն ընդլայնում է Իրանի տարածքում լայնածավալ գործողությունը, որն ուղղված է նրա միջուկային ծրագրի դեմ և ի պատասխան ռեժիմի շարունակվող ագրեսիայի»,- Telegram–ում գրել է Գենդելմանը։
Նա նշել է, որ Իսրայելը հարվածներ է հասցնում տասնյակ առանցքային օբյեկտների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արձակման կայանքների, ռազմական բազաների և ռազմավարական ենթակառուցվածքների ուղղությամբ: Գենդելմանն ընդգծել է, որ Իսրայելը Իրանին թույլ չի տա մոտենալ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: