Իրանի գերագույն առաջնորդը ԻՀՊԿ-ի ռազմատիեզերական ուժերի նոր հրամանատար է նշանակել

Ավելի վաղ Խամենեին նոր նշանակումներ էր կատարել Իրանի զինված ուժերի բարձրագույն զինվորական կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մաջիդ Մուսավիին նշանակել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատար:
«Ամիր Ալի Հաջիզադեի մահից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը (Ալի Խամենեին) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերի հրամանատարի պաշտոնում նշանակել է Մաջիդ Մուսավիին»,- ասված է հրամանագրում։
Մեկ օր առաջ Իրանի գերագույն առաջնորդը նշանակումներ է արել Իրանի զինված ուժերի բարձրագույն կազմում։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Աբդուլրահիմ Մուսավին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի մի մասը) հրամանատար` Մոհամմադ Փաքփուրը։ Աբդուլրահիմ Մուսավին դարձել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ: Իրանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության «Խաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար է նշանակվել Ալի Շադմանին՝ Իսրայելի հարվածներից զոհված Ղոլամ Ալի Ռաշիդի փոխարեն:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: