Պուտինը զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների մասին

Դմիտրի Պեսկովը նշել է՝ ՌԴ ԱԳՆ–ն հանդես կգա հայտարարությամբ, որը կփոխանցվի ՄԱԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց ռեժիմով զեկույցներ է ստանում Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը ՌԴ ՊՆ–ից, արտաքին հետախուզության ծառայությունից և ԱԳՆ–ից զեկույցներ է ստանում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրացումը։
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն շուտով մանրամասն հայտարարությամբ հանդես կգա Իսրայելի և Իրանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Պետության ղեկավարի հանձնարարությամբ` ԱԳՆ–ն ամենամոտ ժամանակում մանրամասն հայտարարությամբ հանդես կգա, որը հետագայում կտարածվի ՄԱԿ-ում»,– ասել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, գեներալ և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։