Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում. Fars

Օբյեկտը գտնվում է գետնի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Իսրայելը հարվածներ է հասցրել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտի շրջանում, գրանցվել է երկու պայթյուն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Իրանական ԶԼՄ-ները նաև գրել են, որ ՑԱԽԱԼ-ի ուժերը հարձակվել են Թավրիզի ռադիոտեղորոշիչ կենտրոնի վրա։ Իսրայելի նոր հարվածներից հետո ծուխ է նկատվել նաև Իրանի Համադան նահանգի ռազմական ավիաբազայում:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն Նաթանզի միջուկային օբյեկտի` Ֆորդոյի հարթակը չի ենթարկվել Իսրայելի հարվածներին: Երկու օբյեկտներն էլ ունեն ստորգետնյա տեղակայում։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Թեհրանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետ։