Իրանում Հայաստանի դեսպանությունը կոչ է անում ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն ու հետևել պաշտոնական ցուցումներին։
Այս մասին նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ գերատեսչությունից խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ՝
էլեկտրոնային հասցեով (armiranembassy@mfa.am),
սոցիալական էջերի (Facebook, Instagram) միջոցով,
ինչպես նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ ( +98 21 66704833, բջջային՝ +989053774966)
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հանցագործություն է որակել։ Նա հայտարարել է, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։