ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ են զոհվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանում իր աղբյուրներին։
«Առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատարներ են զոհվել այսօր Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով», - հայտնում է գործակալությունը։
Զոհվածների թվում է նաև ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ալի Հաջիզադեն:
Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) լայնածավալ գործողություն է սկսել, որի ընթացքում օդուժը, ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, հարվածներ է հասցրել Իրանի ռազմական թիրախներին և միջուկային ծրագրի օբյեկտներին:
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունն ուղղված է «հրեական պետության գոյության սպառնալիքի կանխմանը, քանի որ, ըստ իսրայելցի զինվորականների և հետախուզության տեղեկությունների, Իրանը կարճ ժամանակում մոտեցել է միջուկային զենքի ստեղծման «անդառնալի կետին»:
Թեհրանին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է վեց միջուկային ֆիզիկոս, որոնց թվում են Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին: Սպանվել են նաև երեք բարձրաստիճան գեներալներ՝ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին և ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հանցագործություն է անվանել Իսրայելի գործողությունը: Նա հայտարարել է, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագիր» է սպասվում։
Իրանին Իսրայելի հարվածների հետ կապված՝ Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հարցում է արել։