ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Իրանում ուրանի հարստացման նոր օբյեկտն արդեն կառուցված է և պատրաստ է գործարկման։ Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։
Ավելի վաղ Էսլամին, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի կառվարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունման, կարգադրել էր անվտանգ վայրում գործարկել ուրանի հարստացման նոր կենտրոն և հին սերնդի ցենտրիֆուգները փոխարինել ավելի ժամանակակիցներով:
«Մենք պատրաստել ենք ուրանի հարստացման երրորդ օբյեկտ, որը գտնվում է անվտանգ վայրում։ Այսօր ՄԱԳԱՏԷ ուղարկած մեր ուղերձից հետո ձեռնամուխ կլինենք այդ օբյեկտի ցենտրիֆուգների վերազինմանը և տեղադրմանը», - ասել է Էսլամին:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն ընդունել է հակաիրանական բանաձև, սակայն փաստաթուղթը «համոզիչ աջակցություն» չի ստացել: Ռուսաստանցի դիվանագետը զգուշացրել է, որ նման փաստաթղթի ընդունումը դրական արդյունքների չի հանգեցնի:
Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունման ժամանակ ԱՄՆ-ի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գործողությունները: Իրանական երկու գերատեսչություններն էլ հայտարարել են, որ լրացուցիչ միջոցներ են մշակում՝ ի պատասխան միջազգային գործակալության ընդունած բանաձևի: