ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է երկու անձ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,–ասաց ՔԿ խոսնակը։
Հիշեցնենք` դեպքի մասին հունիսի 11–ին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա նշել էր, որ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Քաղաքապետարանն ակնկալում է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Նշենք, որ այս տարի արդեն մի քանի դեպք է գրանցվել, երբ ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Վերջին դեպքը մոտ մեկ ամիս առաջ էր՝ ապրիլի 23-ին, երբ 38 համարի ավտոբուսի վարորդին վեճի ժամանակ դանակահարել էր մեկ այլ ավտոմեքենայի վարորդ։ 2025–ի փետրվարին էլ 97 համարի ավտոբուսի վարորդի և ուղևորների միջև վեճ էր սկսվել այն բանից հետո, երբ վարորդը հորդորել էր վճարել ուղեվարձը։