ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ քաղաքացիներին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ ռուսաստանցիներին աջակցելու հարցում, որոնք շարունակում են մարմնավորել իրենց ձգտումները դեպի ավելի պայծառ ապագա: Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝ վերահաստատելու Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության ձգտումը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն ապահովելու համար: Մենք հուսով ենք, որ խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև առավել փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը», - նշվում է Ռուբիոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ռուսաստանի օրը ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: 1990-ի այս օրը Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունեց ՌԽՖՍՀ–ի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: 1992 թվականի հունիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության գերագույն խորհուրդը որոշեց հունիսի 12-ը տոնական ոչ աշխատանքային օր սահմանել։ 1994 - ին այս ամսաթիվը հայտարարվեց ՌԽՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարին տոնը ստացավ նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։