«3+3» ձևաչափը Հարավային Կովկասում վստահության հիմք է դնում. Կոպիրկին

Ռուսաստանը հարգում է միջազգային կապերն ընդլայնելու Հայաստանի ինքնիշխան ձգտումը, սակայն հույս ունի, որ դա չի վնասի երկու ժողովուրդների դարավոր կապերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «3+3» ձևաչափը հիմք է դնում տարածաշրջանում փոխադարձ վստահության ձևավորմանը, Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք մեծ ներուժ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի զարգացման մեջ, որը ներառում է Հարավային Կովկասի երկրները և նրանց հարևաններ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - ասաց նա։
Նրա խոսքով, աշխարհաքաղաքականությունը, աշխարհագրությունը և պատմությունը կանխորոշել են եվրասիական մայրցամաքի բոլոր երկրների միջև կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մայրցամաքում ստեղծված ինտեգրացիոն ասոցիացիաների և բազմակողմ կառույցների միավորումը:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առարկայացնել այդ իրողությունները եվրասիական մեծ գործընկերության տեսքով, որը կդառնա հավասար և անբաժան անվտանգության նոր եվրասիական ճարտարապետության հիմքը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՌԴ ղեկավարը բազմիցս ընդգծել է, որ խոսքը ոչ թե ինչ-որ փակ կառույց ստեղծելու, աշխարհաքաղաքական առճակատման, այլ բաց, ճկուն և ներառական գործընթացի մասին է՝ հիմնված բիզնեսի, քաղաքացիների և պետությունների իրական կարիքների, պահանջների վրա։
«Մեր ընդհանուր խնդիրն է բաց չթողնել այն բացառիկ հնարավորությունները, որոնք տալիս է համագործակցությունը եվրասիական տարածքում: Մենք պատրաստ ենք աջակցել մեր հայ ընկերներին միանալու այդ գործընթացներին»,- նշել է Կոպիրկինը:
Մյուս կողմից, Ռուսաստանը հարգում է իր գործընկերների ինքնիշխան ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային կապերը բոլոր ոլորտներում և պատրաստ է ամեն աջակցություն ցուցաբերել դրան։
Միաժամանակ, Մոսկվան ելնում է նրանից, որ հայկական կողմը չի ձեռնարկի քայլեր, որոնք վնասում են բազմակողմ համագործակցությանը և խաթարում եղբայրական ժողովուրդների դարավոր կապերը։
Ռուսաստանի օրը, ինչպես նշել է Կոպիրկինը, տոն է ոչ միայն ռուսների, այլև բոլոր նրանց համար, ովքեր նրա հետ հոգևոր կապ են զգում, հարգում են նրա պատմությունը, շահագրգռված են զարգացնել համագործակցությունը և բարեկամությունը ռուս ժողովրդի հետ։
Ռուսաստանի օրն ազգային տոն է, որը պաշտոնապես նշվում է ամեն տարի հունիսի 12-ին։ Այն սկսել է նշվել ավելի քան 30 տարի առաջ՝ 1990 թվականին Պետական ​​ինքնիշխանության հռչակագրի ընդունումից հետո։
ՌԴ-ի ու ՀՀ-ի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, բայց ազնիվ երկխոսություն կա. Կոպիրկին