ՌԴ–ն պատրաստ է գործնականում աջակցել, որ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության հասնեն. Ռյաբկով

Ռյաբկովն ընդգծել է, որ համաձայնության հասնելու հնարավորությունները դեռևս բաց չեն թողնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Մոսկվան պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, մասնավորապես, կարող է կազմակերպել Իրանից ավելցուկային միջուկային նյութի դուրսբերումը՝ ատոմային ռեակտորների համար որպես վառելիք օգտագործելու համար հետագա հարմարեցմամբ։
Ռյաբկովն ընդգծել է, որ համաձայնության հասնելու հնարավորություններ դեռ կան։
«Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ գտնելու համար թեկուզ ժամանակավոր, մասնակի, բայց ինչ–որ լուծում ինչպես պատժամիջոցների հարցում, այնպես էլ Իրանի դեմ ներկայացվող հավակնություններին ի պատասխան», – նշել է դիվանագետը՝ հավելելով, որ Թեհրանը երկխոսության պատրաստակամություն է ցուցաբերում։
Ռուսաստանը, Ռյաբկովի խոսքով, մտադիր է աջակցել ինչպես քաղաքական առումով՝ բանակցությունների համար գաղափարներ առաջարկելով, այնպես էլ գործնականում՝ տեխնիկական ոլորտում կոնկրետ գործողությունների միջոցով։
Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Օմանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի ԱԳՆ ղեկավար Բադր ալ-Բուսաիդին խորհրդակցություններից հետո հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: