Կուտակված շատ բան կա, հազիվ թե արագ արդյունքներ լինեն. Պեսկովը` ՌԴ–ԱՄՆ շփումների մասին

ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի խորհրդակցությունների նոր փուլը կիրականացվի ԱԳՆ–ների գծով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում մի շարք կուտակված բաներ կան, ու հազիվ թե արագ արդյունքների հասնելու հույսեր կարելի է ունենալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես ասենք. երկկողմ հարաբերություններում բազմաթիվ կուտակված բաներ կան։ Իհարկե, քիչ հավանական է, որ կարելի է որևէ արագ արդյունքի հույս ունենալ, բայց սա հենց այն բարդ փուլային աշխատանքն է, որը սկսվել է և կշարունակվի», – ասել է նա։
Պեսկովը հայտնել է նաև, որ Մոսկվայի և Վաշինգտոնի խորհրդակցությունների նոր փուլը կիրականացվի ԱԳՆ–ների գծով։
«Սրանք խորհրդակցություններ են, որոնք կիրականացվեն դիվանագիտական ​​գերատեսչությունների գծով, այստեղ ավելի լավ է` մեկնաբանություններ ստանաք մեր ԱԳՆ–ից», – ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը։
ՌԴ–ն պատրաստ է դեր ստանձնել ԱՄՆ–ի և Իրանի գործարքում. ԱԳՆ
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև երկկողմանի հարցերի շուրջ խորհրդակցությունների երրորդ փուլը տեղի կունենա շատ շուտով, և Մոսկվան Վաշինգտոնից ավելի հստակ պատասխան կպահանջի ավիահաղորդակցության վերականգնման և դիվանագիտական ​​սեփականությունը վերադարձնելու իր առաջարկների վերաբերյալ։