ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանն արդեն տեխնիկական հնարավորություններ ունի արձանագրելու, թե ուղևորներից ով չի վճարում տրանսպորտի ուղեվարձը։ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ուղևորների մոտ 80%-ը բարեխիղճ վճարում է ուղեվարձը, բայց կան նաև մարդիկ, որոնց չի հետաքրքրում, որ առանց նորմալ վճարման տրանսպորտը նորմալ չի աշխատի։ Ավինյանի խոսքով` նրանց միայն մի բան է հետաքրքրում՝ պատասխանատվություն կկրեն, թե ոչ։
«Բայց ավտոբուսներում և դռների վրա արդեն ունենք ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով»,- ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ տրանսպորտում վալիդատորների խափանումներ լինում են, բայց քիչ դեպքերում։
Քաղաքապետը չհստակեցրեց, թե այդ համակարգի հիման վրա երբ է պլանավորվում սկսել տուգանել ուղևորներին կամ հսկիչների ծառայություն հիմնել։